ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ամոթի մուրը սրբելու աղոտ հույսի շաբաթ

Ամոթի մուրը սրբելու աղոտ հույսի շաբաթ
21.07.2015 | 00:27

Ֆուտբոլի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների որակավորման երկրորդ փուլին հաճելիորեն անսպասելի մասնակցելու հնարավորություն ստացած հայկական երեք թիմերի համար անցած շաբաթը եղավ աղետալի:
Նորագույն ժամանակների հայկական ֆուտբոլի շրջանակներում հայոց փառապանծ «Փյունիկը» հայոց նույնքան փառապանծ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, ում ամենայն հայոց ֆուտբոլի ֆեդերացիայի հմուտ ու բացառիկ իմաստուն ղեկակալի ղեկավարությամբ վստահաբար վստահվել է նաև Հայաստանի ազգայինի ղեկը, խայտառակ 0:5 հաշվով մոխրաթաղ եղավ Նորվեգիայում:
Ղազախական ֆուտբոլի նկատմամբ երեկ, այսօր ու ընդմիշտ հայկական ֆուտբոլի գերազանցության մեջ համոզված Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտը», որը, ի դեպ, առաջին քայլերն է կատարում այդպես էլ չողնաշարվող հայկական ֆուտբոլի անծայրածիր անդաստանում, «Սենտ Ջոնսոնի» նկատմամբ բավական անսպասելի, սակայն նույնքան հաճելի հաղթանակից հետո 0:3 հաշվով զիջեց «Կայրաթին» (թե ինչի ես գլխիցդ մեծ բաներից խոսում, մեծարգո պարոն Խաշմանյան, որ հետո համայն հայությունից ստիպված ներողություն խնդրես):
Ցանկն ամբողջացրեց իր նախորդ երկու գործընկերների համեմատ անհամեմատ համեստ պահվածքի տեր Վարդան Բիչախչյանի գլխավորած «Շիրակը»: Գյումրեցիները նկատելիորեն համեստ հաշվով պարտվեցին՝ 0:2, սակայն դրանից կյանքը, հասկանում եք, չի քաղցրանում, ու հայկական ֆուտբոլն ավելի շահեկան դիրքերից չի ներկայանում:
Իհարկե, «Շիրակի» պարտությունը կարելի է պատճառաբանել խաղի որոշակի փուլից մրցակցի ֆուտբոլիստների ունեցած թվային գերազանցությամբ՝ 11-ը 8-ի դիմաց, մեր դարպասին նշանակված երկու տասնմեկմետրանոցներով, մրցավարի գուցե և կողմնակալ դատավարությամբ, խոտհունձը ԱԻԿ-ի ֆուտբոլիստներին հնձելու հետ շփոթած Անդրանիկ Բարիկյանի դաշտ մտնելու ու հեռանալու կայծակնային արագության գործողություններով, բայց այս ամենից ոչինչ չի փոխվում: Փաստը մնում է փաստ, որ միացյալ ուժերով խփել ենք զրո գնդակ, սեփականն ընդունել այդ զրոյի դիմաց դրված մեկ թվով գնդակ:
Արդ՝ ի՞նչ է սպասում մեզ արդեն այսօր ու գալիք մյուս օրերին: Ասել թե ամեն ինչ կորած է, հիմնովին սխալ կլինի: Դրությունը փրկելու շանս, այնուամենայնիվ, կա. շանս ասածը նկատի ունեմ խփած-բացթողածների զրոյական ընդհանրական հաշվեկշիռը խախտելու առումով: Դա առաջին հերթին պիտի որ հաջողվի «Փյունիկին», որովհետև 5:0 հաշվով հաղթած «Մոլդեն» մեզ մոտ հո չի՞ գալու ֆուտբոլ խաղալու, իսկ «հավալա» կամ «էշ միլիցա» խաղերը, որքան գիտեմ, նրանց մոտ տարածվածներից չեն: Այնպես որ, Գառնի-Գեղարդը կամ Էջմիածինը ցույց տալու դիմաց կարելի է, բոլոր դեպքերում կարելի է նրանցից մի բան պոկել ու Սարգիս Հովսեփյանին տեսախցիկների առաջ նորից շանս տալ խոսելու գրավիչ ֆուտբոլի իր տեսությունից:
Ղազախականի համեմատ հայկական ֆուտբոլի գերազանցության մասին նորից խոսելու պատմական մի նոր շանս թերևս կարող է ստանալ Աբրահամ Խաշմանյանը, միայն թե, չգիտեմ, «Կայրաթի» ֆուտբոլիստները համաձայն կլինե՞ն ծեծ ուտելու իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, ով, մեկ էլ տեսար, բնավորության նացիստանեմեցական գծեր կարող է ունենալ: Ինչ վերաբերում է «Շիրակին», որի շանսերն անհամեմատ բարձր ենք դասում մյուս երկուսից՝ բնավ էլ ոչ տեղային հայրենասիրությունից դրդված, գյումրեցիները տվյալ պահին իրենց սև սրտով ու վառ արևահարված Բուգուհիով երևի թե կարողանան վրեժին հագուրդ տալ: Այստեղ միակ տագնապս այն է, որ խաղին մասնակցելու հնարավորությունից զրկված երեք ֆուտբոլիստին փոխարինող կգտնվի՞ արդյոք: Հասկանում եք, չէ՞, որ խոսքս փոխարինման ելնելիք ֆուտբոլիստների խաղի որակի համարժեքությանն է վերաբերում, ոչ թե հերթական կարմիրները ստանալու կարողությանը: Բոլոր դեպքերում մեզ տրված է հնարավորությունների բացառիկ շաբաթ, իսկ թե դրանից ի՞նչ դուրս կգա, կապրենք, կտեսնենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ